Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

Share

Հունվար 21, 2015

Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Մինորու Կիուչիի համար Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչական գործողության։ Նա Ճապոնիայի հանրապետության և իր կողմից անկեղծ ցավակցություն է հայտնում Գյումրիի միջադեպի հետ կապված. «Լինելով խաղաղասեր պետություն` Ճապոնիան շարունակում է իր պայքարն ահաբեկչության դեմ: Այս ենթատեքստով էլ մենք ցանկանում ենք համագործակցել ՀՀ-ի հետ»:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը գործում է հունվարի մեկից, սակայն այս պահին դեռ չունի դեսպան. «Հիմա մենք քննարկում ենք հնարավոր թեկնածուներին: Ճիշտ է, մեր ֆինանսական միջոցները շատ սահմանափակ են, սակայն մենք ամեն ինչ կանենք, որ հնարավորինս շուտ ուղարկել մեր դեսպանին Հայաստան»:
Որն էր պատճառը, որ Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը գործում է 2012թ., իսկ մեզ մոտ Ճապոնիան միայն հիմա է բացում դեսպանատուն. «Ճապոնիայում կան էլի երկրներ, որոնք ունեն դեսպանություններ մեզ մոտ, սակայն մենք իրենց երկրներում չունենք: Մենք նույնպես շատ էինք ուզում ՀՀ-ում ունենալ դեսպանություն, սակայն մեր ֆինանսական վիճակն այնքան էլ շռայլ չէ. մեզ թույլատրված է տարվա մեջ աշխարհում բացել 3-5 դեսպանություն»:
Իսկ այս պահին դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Կենիչիրո Սասամեն նկատում է` երկու երկրների համագործակցությունը ցայտուն է հատկապես այն ոլորտներում, որտեղ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են: Նա անդրադառնում է նաեւ ԼՂ հիմնախնդրին. «Ճապոնիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մոտ ապագայում կլուծվի արդեն իսկ ձեռք բերած համաձայնությունների շրջանակներում»:
Ճապոնիայի դեսպանատունը ՀՀ-ում իր առաջին ծրագիրն է իրականացնելու՝ Արարատի մարզի 25 դպրոցի տալով 102 610 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ գույք ձեռք բերելու նպատակով։
«Զարգացում և բարեկեցություն» ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը ներկայացնում է. «Դպրոցների մոնիթորինգ անելուց ու ընտրելուց հետո իրենց ներկայացուցիչները նորից մոնիթորինգ են անում տվյալ դպրոցներում` հասկանալու համար ինչքան է անհրաժեշտությունը, ինչքան են այդ դպրոցները վատ վիճակում գտնվում, որից հետո որոշում են` տրամադրել դրամաշնորհը, թե ոչ»:
Ի դեպ, Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը տպավորված է Հայաստանից: Մեր երկիրը նա համարում է զբոսաշրջիկների համար գեղեցիկ և գրավիչ:

նյութը վերցված է՝ http://www.a1plus.am/1361115.html