Հայերն ամենաերաժշտական ազգերից մեկն են․ Ջուն Յամադա

Հայերն ամենաերաժշտական ազգերից մեկն են․ Ջուն Յամադա

Share

Հրապարակվել է՝ Փտվ 12 2021

Հեղինակ՝ ANM Media

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգային ծրագրում. Յ. Ս. Բախ Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր, Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: Համերգային ծրագրի մեկնարկից առաջ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ Հայերն իրենց բնույթով ամենաերաժշտական ազգերից են և չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։

«Ճապոնիայի համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում երաժշտական կյանքի զարգացմանը։ YAMAHA բրենդը մարմնավորում է ճապոնական մոտեցումն առ կատարելությունն ու մշտական նորարարությունը, և մենք ըստ արժանվույն ենք գնահատում այդ ապրանքանիշի հիանալի ապրանքները։ Հուսանք, որ լիարժեք և բուռն երաժշտական կյանքի վերսկսմանը զուգահեռ Հայաստանը վստահորեն առաջ կշարժվի՝ հաղթահարելով նախորդ տարվա բոլոր դժվարությունները։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին՝ մեծ վերականգնման և նոր ձգտումների այս ժամանակաշրջանում»,- ընդգծել է դեսպանը:

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողություն: «Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման նախագիծն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ, «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի (GCGP) շրջանակում»,- նշված է հուշատախտակի վրա:

նյութը վերցված է  anmmedia.am