KOOR White Reserve գինին Ճապոնիայում անցկացվող Sakura Awards գինու մրցույթում արժանացել է մի քանի մրցանակի։
Ոսկեհատ խաղողի տեսակից պատրաստված գինին ոչ միայն երկու ոսկե մեդալ է ստացել, այլեւ հաղթել է Diamond Trophy եւ Grand Prix Best Lesser-known Grape Varieties in Japanese Market (Ճապոնիայում քիչ ճանաչում ունեցող խաղողի տեսակի գինիների մեջ) անվանակարգերում։
KOOR գինիների մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիամ Սիմոնյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ ընկերության գինիների ներկայացուցիչը Ճապոնիայում The Ancient World-ն է, եւ հենց այս ընկերությունն էլ հայկական սպիտակ գինին ներկայացրել է Ճապոնիայում մեծությամբ երկրորդը համարվող մրցույթում։
«KOOR-ի կարմիր գինու մասին շատերը գիտեն, բայց White Reserve-ը ավելի քիչ ճանաչում ունի սպառողների շրջանում։ Սպիտակ հնեցվածը եւս մեր լավագույն գինիներից է։
Այն 12-ից 18 ամիս է հնեցվում տակառներում, արդյունքում ստացվում է թավշյա հատկություն։ Ճապոնական շուկան գնահատել է մեր գինին, կարծում եմ՝ հայկական շուկան եւս կգնահատի: Ծրագրում ենք ավելի շատ խոսել սպիտակ գինու մասին, ավելի ճանաչելի դարձնել այն հայկական շուկայում»,- ասել է Մարիամ Սիմոնյանը։
Sakura Awards գինու մրցույթում դատավորները բացառապես կանայք են, որոնք ակտիվ են գինու արդյունաբերության մեջ՝ գինու մասնագետներ, սոմելյեներ, գինեգործներ, գինու դպրոցների մանկավարժներ, լրագրողներ եւ այլն։
նյութը վերցված է gastrovino.mediamax.am