Ճապոնիայի գեղասահքի հավաքականը Սոչիի օլիմպիական խաղերին կնախապատրաստվի Երևանում

Ճապոնիայի գեղասահքի հավաքականը Սոչիի օլիմպիական խաղերին կնախապատրաստվի Երևանում

Share

Փետրվար 28, 2013

Հայաստանի մարզասերները հավանաբար այսուհետ կկարողանան հաճախակի տեսնել, նույնիսկ` ականատես լինել Ճապոնիայի ուժեղագույն գեղասահորդների մարզումներին:
Այս մասին պարզ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, որտեղ հյուրընկալվեցին Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հեդեիտո Իտոն և այդ կազմակերպության մենեջեր Տացուրո Մացումուրան: Նրանց Հայաստան էր ուղեկցել մեր անվանի նախկին մարզիչներից մեկը` Արարատ Զաքարյանը, որն այժմ բնակվում և աշխատում է Մոսկվայում:
Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակ դրել եղեռնի զոհերի հուշամալիրում, ապա այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, մանրամասն ուսումնասիրել են սահադաշտը և մեծ տպավորություն ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը և մանավանդ, արագ սառույցը:
Առաջիկայում Ճապոնիան մարզաձևի մեծ պատվիրակություն կուղարկի Հայաստան: Գեղասահորդներից բացի մեզանում կհյուրընկալվեն նաև մարզական–գիտաբժշկական խմբեր և լրագրողներ: Նրանց կարծիքով Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են և այն, որ ընդամենը 1–1,5 ժամում Երևանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք:
ՀԱՕԿ–ի բաժնի վարիչ գիտությունների թեկնածու Գաբրիել Ղազարյանը հյուրերին հավաստիացրեց, որ օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը կաջակցի և կնպաստի Ճապոնիայի մարզիկների պարապմունքները լավագույն ձևով կազմակերպելուն: Ինչ խոսք, ճապոնացի հեղինակավոր մարզիկ–մարզուհիների հետ համատեղ կպարապեն նաև Հայաստանի առաջատար և հեռանկարային գեղասահորդները:
Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
նյութը վերցված է՝ http://sportarmenia.com/93295/93295.html