Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնացին

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնացին

Share

09.02.2016

Փետրվարի 9-ին Հայաստանի արտգործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Թոշիհիրո Այկիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության ընդլայնումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի ԱԳՆ հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը, ինչին նպաստում են բարձրաստիճան շփումներն ու փոխայցելությունները։

Հանդիպմանն անդրադարձ արվեց ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային փոխանակումներին առնչվող հարցերին։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։ Դեսպան Այկին ներկայացրեց Կորեական թերակղզում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Մտահոգություն հայտնվեց Հյուսիսային Կորեայի կողմից՝ ի խախտումն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի, բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։

Նախարար Նալբանդյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրին` ներկայացնելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը, բանակցային գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

նյութը վերցված է՝ http://mfa.am/hy/press-releases/item/2016/02/09/min_jp/