30 մարտ, 2017
Մարտի 30-ին Հայաստանի արտգործնախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագրի ստորագրումը:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:
Միջոցառմանը ներկա էին նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, Հայաստանի հանրային հեռուսատառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Ի շարունակություն կնքված համաձայնագրի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, JICA-ի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ստորագրեցին դրամաշնորհային փաստաթուղթը, որով կկանոնակարգվի համապատասխան ապրանքների և/կամ ծառայությունների տրամադրումը:
Ստորագրման արարողությանը հետևած իր խոսքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ընդգծելով այսօր ստորագրված համաձայնագրի կարևորությունը, նշեց, որ այն ևս մեկ քայլ է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն ընդգծեց, որ 2001 թվականին Մատենադարանի փաստաթղթերի պահպանման ուղղությամբ ցուցաբերված աջակցությունից հետո սա նմանատիպ երկրորդ համագործակցությունն է երկու կառավարությունների միջև։ Դեսպանի խոսքով՝ արխիվը ոչ միայն պահպանում է ազգային ժառանգությունը, այլ ոգեշնչում երիտասարդ սերնդին՝ նոր ստեղծագործություններ կերտել ապագայի համար։
նյութը վերցված է՝ http://news.1tv.am/hy/id/55207
շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!