Զուգահեռներ սամուրայական, ասպետական ու հայ զինվորական վարքականոնների միջև

Share

Սակայն վերադառնանք հայ զինվորականության պատվո վարքականոնի բաղադրամասերի քննությանը։ Վերն առանձնացված 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դրույթները նկատելիորեն նման են միջնադարյան եվրոպացի ասպետների և ճապոնական սամուրայների պատվո վարքականոններում եղած տարրերին։ Այսպես՝ 1716թ. ավարտած իր հռչակավոր Հագակուրե (բառացի՝ «Տերևներում թաքնվածը») երկում, ընդարձակորեն արտահայտելով և մանրազնին մշակման ենթարկելով ճապոնական սամուրայի պատվո վարքականոնը (Բուսիդոն, բառացի՝ ռազմիկի ճանապարհ), Յամամոտո Ցունետոմոն (ծն. 1659թ.մահ. 1719թ.)10 նմանապես 7 շեշտում էր ռազմիկի համար մահն արհամարհելու անհրաժեշտությունը։ Հագակուրե-ում ասվում է. Բուսիդոն՝ ռազմիկի ճանապարհը, նշանակում է մահ։ Երբ ընտրություն կատարելու համար ունես ընդամենը երկու ճանապարհ, անմիջապես ընտրիր այն, որը տանում է դեպի մահ։ Մի՛ խորհիր։ Ուղղիր միտքդ այն ճանապարհի վրա, որին նախապատվություն տվեցիր, և գնա՛։ Ակամայից հարց է առաջանում. «Ինչո՞ւ ես պետք է մեռնեմ, եթե դա օգտավետ չէ, ինչո՞ւ պետք է կյանքով վճարեմ հանուն ոչնչի»։ Սրանք եսասեր մարդկանց սովորական դատողություններ են։ Երբ պետք է ընտրություն կատարես, թույլ մի՛ տուր օգուտի մասին մտքերին տատանել խելքդ։ Քանի որ մենք բոլորս էլ ապրելը նախընտրում ենք մեռնելուն, այդ նախընտրությունն էլ հենց որոշում է մեր ընտրությունը։ Մտածիր քեզ սպասող անպատվության մասին, երբ դու, ձգտելով օգուտի, հանկարծ կսխալվես։ Մտածիր այն մարդու թշվառ ճակատագրի մասին, որն իր նպատակին չի հասել և դեռ շարունակում է ապրել… Հիշի՛ր, մահդ չի գցում քո արժանապատվությունը։ Մահը չի պատվազրկում։ …Պարտքի կատարումդ պետք է լինի անթերի, իսկ անունդ՝ անբիծ։ …Ռազմիկը յուրացնում է սամուրայի ուղին այն ժամանակ միայն, երբ նա արդեն մշտապես պատրաստ է լինում մահվան։ …Սամուրայը պարտավոր է տալ իր իշխանին իր հոգին և մարմինը։ Բացի այդ, նա պետք է լինի իմաստուն, գթասիրտ և քաջ։ …Ուր էլ որ ես գտնվեմ՝ խուլ սարերում թե գետնի տակ, միշտ և ամենուր իմ պարտքը պարտավորեցնում է ինձ պաշտպանել տիրոջս շահը։ Դա բոլոր նրանց պարտքն է, ովքեր Նաբեսիմայի հպատակն են։ Դա մեր կրոնի ողնաշարն է՝ անփոփոխ և հավերժ… Նույնիսկ մեռնելուց հետո ես յոթն անգամ հարություն կառնեմ, որպեսզի դժբախտություններից պաշտպանեմ իմ տիրոջ տունը։ Ես երդվում եմ կատարել չորս պատվիրան.

1. Պարտքը կատարելիս՝ ոչնչի առջև չընկրկել։

2. Օգտակար լինել իմ տիրոջը։

3. Ծնողների հանդեպ լինել հարգալից։

4. Լինել գթասիրտ:

Ուշագրավ է, հատկապես, Արշակունյաց շրջանի հայ զինվորականի և ճապոնացի սամուրայի պատվո վարքականոններում եղած միևնույն այն պահանջը, որը կյանքից վեր է գնահատում պատիվն ու հավատարիմ ծառայությունը գերակային։ Այս առթիվ Փավստոսն ունի պերճախոս մի քանի այլ տեղեկություն ևս։ Դրանցից մեկը վերաբերում է Պարսկաստանում պատահած մի դեպքի. Ապա պատահեց այս օրերից մեկում, որ Հայոց Արշակ թագավորը մտավ Պարսից արքայի ախոռներից մեկը, իսկ Պարսից արքայի ախոռապետը նստած էր ներսը՝ ախոռում։ Երբ նա թագավորին տեսավ, ոչ մի մեծարանք կամ ողջույն չտվեց և նրան անուշադրության մատնեց ու դեռ ավելին՝ ծաղրեց և անարգանքի ենթարկեց նրան՝ ասելով. «Այծ հայերի թագավոր, եկ այս խոտի խուրձի վրա նստիր»։ Երբ այս խոսքերը լսեց Մեծ Հայքի զորավար և սպարապետ Վասակը, Մամիկոնյան տոհմից, սաստիկ բարկացավ ու զայրացավ և, քաշելով իր սուրը, որ կախած էր մեջքից, հարվածեց, տեղնուտեղը նույն ախոռի մեջ էլ գլխատեց պարսից արքայի ախոռապետին, որովհետև չկարողացավ լսել ու կուլ տալ իր թագավորի անարգումը. նա բազում անգամ ավելի լավ էր համարում իր անխուսափելի մահը, քան իր տիրոջ հասցեին որևէ վիրավորանք կամ անարգանք լսելը (ընդգծումն իմն է՝ Ա.Ա.):Ճապոնական «Հագակուրե»-ի սամուրայ հեղինակի՝ մահվանից չերկնչելու և անբիծ քաջի անուն ունենալու մասին կոչերը գրեթե նույնությամբ արտաբերում է Մանվել սպարապետը՝ վերն արդեն մասամբ վկայակոչված իր պատգամում, որն այժմ հարկ է մեջբերել ավելի ընդարձակորեն. Եվ պատվիրեց նրան հնազանդ և հպատակ լինել Արշակ թագավորին, լինել ազնիվ, տքնաջան և աշխատասեր. «Եվ պատերազմի՛ր և անձը քո զոհի՛ր հանուն Հայոց աշխարհի, ինչպես քաջ նախնիներդ են այս աշխարհին սիրահոժար զոհաբերել իրենց կյանքը։ Որովհետև,- ասաց,- դա շատ արդար և Աստծուն ընդունելի գործ է, ու եթե այդպես վարվեք, Աստծված ձեզ անտես չի անի։ Երկրի վրա քաջի անուն թողեք և արդարությունը երկնքին ընծայեք։ Եվ մահից ամենևին մի վախեցեք, այլ հույսը դրեք նրա վրա, ով ամեն ինչ ստեղծել և հաստատել է։ Ձեզնից դուրս վանեք նենգությունը, պղծությունը և չարությունը և Տեր Աստծուն պաշտեցեք մաքուր սրտով ու հավատարմությամբ։ Համարձակ մեռե՛ք հանուն աստվածապաշտ [Հայոց] աշխարհի, որովհետև հենց ա՛յդ մահն է Աստծու համար, նրա եկեղեցիների և նրա ուխտի, այս աշխարհի բնիկ տերերի՝ Արշակունիների համար»։ Այս հատվածը շատ պարզ ցույց է տալիս, թե հայ հրամանատարներն ինչ հմտությամբ և հավատով են օգտագործել քրիստոնեական ուսմունքն իբրև մարտաշունչ գաղափարախոսություն՝ Հայաստանի ազատության համար մղվող գրեթե անընդմեջ պատերազմներում։ «Հայաստանի համար զոհվելը հենց Աստծո՛ւ համար է», քարոզում էին Մանվել սպարապետը և, անշուշտ, 4-րդ դարի հայոց մյուս զորահրամանատարները («ի վերայ աստուածապաշտ [Հայոց] աշխարհի 9 համարձակութեամբ մեռարուք, զի այն ինքն մահ վասն Աստուծոյ է»)։ Սրանով նրանք ներդաշնակության էին բերում հայ զինվորի՝ շատ ավելի հին շրջանում ձևավորված և անթիվ մարտերի մեջ սրբագործված պատվո վարքականոնը (մասնավորապես, հանուն հայրենիքի կյանքը զոհաբերելու գաղափարական գլխավոր դրույթը)՝ հարաբերականորեն նոր ձեռք բերված քրիստոնեական հավատի և կրոնական զգացմունքների հետ։ Հայրենիքի համար մեռնելը աստվածահաճո գործ լինելու նույն այս հավատով հայ քրիստոնյա ռազմիկը մարտնչեց հետագա բոլոր դարերում։ Մանվել սպարապետի ևս մի պատգամը՝ «լինել ազնիվ, տքնաջան և աշխատասեր», նույնպես համընկնում է սամուրայի վարքականոնի հետ։ «Հագակուրե»-ն, օրինակ, պահանջում էր նույնը. Մարզելով իրեն՝ զինվորը երբեք չպետք է մտածի հանգստի մասին։
…Մարդու մարզմանը վերջ չկա։ Լինում է այնպես, որ սկսում ես զգալ քեզ կատարելության հասած և դադարում ես զբաղվել նրանով, ինչով զբաղվում էիր մինչ այդ։ Մինչդեռ նա, ով ուզում է կատարյալ լինել, պետք է միշտ հիշի, որ ինքը դեռ շատ հեռու է դրանից։
…Եղեք ճշմարտասեր զինվորական ծառայության մեջ։ Կեղծ մարդիկ երբեք չեն կարող ազնվորեն ծառայել զենքին։ Եվրոպայում ասպետները (անգլերեն՝ knight, գերմաներեն՝ ritter, որից էլ ռուսերեն՝ рыцарь), որպես առանձին ռազմաավատատիրական խավ, ձևավորվել են 8-րդ դարի վերջերից։ Այս խավի գործունեությունն ու սոցիալական նշանակությունն առավել ցայտուն արտահայտվեցին խաչակրաց արշավանքների ժամանակ՝ 11-14-րդ դարերում։ Ասպետները մեկ ընդհանուր օրինականացված գրավոր վարքականոն չեն ունեցել, սակայն նրանց աղոթքների և պահպանված զանազան աշխատությունների ու տեքստերի հիման վրա մասնագետներն առանձնացնում են ասպետական վարքագծի հետևյալ պարտադիր պահանջները. հավատարմություն գերակային, անվեհեր քաջություն, վտանգների և դժվարությունների արհամարհում, քրիստոնեական եկեղեցու և նրա պաշտոնյաների պաշտպանություն, օժանդակություն ասպետական տոհմերի որբացած և տկար անդամներին, առատաձեռնություն, Աստծու և մարդկանց առջև անբիծ կյանքի վարում։ Եվրոպացի ասպետը, քրիստոնյա հայ զինվորականի պես, հավատացած էր, որ հոգին կարելի է փրկել պատերազմելով ու նահատակվելով հանուն արդար նպատակի, օրինակ, անհավատների դեմ կռվում, կամ՝ իր տիրոջ շահերը, թույլին, իր սեփական պատիվն ու ժառանգությունը պաշտպանելիս։ Ասպետական վարքականոնի այս նույն միտքը գեղեցիկ է արտահայտել ավելի ուշ շրջանում անգլիացիների դեմ կռված ֆրանսիացի կապիտան և բարոյախրատական 10 գրքի հեղինակ Ժան դը Բյուին. «Մենք՝ խոնարհ զինվորներս, նույն հաջողությամբ կփրկենք մեր հոգիները զենքի միջոցով, քան եթե ապրեինք՝ մտորելով եղելության արմատների և կարգի մասին»։ Դժվար չէ նկատել, որ այս բարոյահոգեբանական պահանջները, ինչպես և Բուսիդո-ն, մասամբ համընկնում են 4-5-րդ դարերում հայ զինվորականության ունեցած վարքականոնի հետ։

նյութը վերցված է՝   hayrazmik.com