Արվեստագետը ամենից առաջ պետք է ձգտի իր ստեղծագործությունների կատարելությանը: Հակառակ դեպքում նրա` արվեստին ծառայելը անիմաստ կդառնա: Վերցնենք, օրինակ, ցնցումը, որ հարուցում են հումանիզմի գաղափարները` եթե միայն դրան ձգտես, ապա դրան կարելի է հասնել սովորական քարոզի ունկնդրությամբ: Քանզի մենք բոլորս ծառայում ենք արվեստին, մեր ստեղծագործությունները պետք է առաջին հերթին ապշանք հարուցեն իրենց գեղարվեստականությամբ: Մենք այլ ուղի չունենք, քան հասնել դրանց կատարելությանը:
* * *
«Արվեստ արվեստի համար»` եւս մի քայլ, եւ կընկնես արվեստը զվարճալիքի վերածելու մեջ:
Արվեստ հանուն կյանքի` եւս մի քայլ, եւ կընկնենք արվեստի օգտապաշտության գիրկը:
* * *
Կատարելությունը` ոչ թե պարզապես մի ստեղծագործության ստեղծումն է, որն ընթերցելիս ոչնչի չես կարող կպնել: Այն լիակատար եւ բազմակողմանի իդեալների արտահայտությունն է արվեստում: Արվեստագետը, ով ունակ չէ հետեւելու դրան, արժանի է անարգանքի: Այսպիսով` մեծ արվեստագետը նա է, ում կատարելության ոլորտն ամենաընդգրկունն է: Օրինակ` Գյոթեն:
* * *
Մարդուն, իհարկե, տրված չէ գերազանցել բնությունից տրված հնարավորությունները: Սակայն, եթե հիմնվելով դրա վրա՝ ոչինչ չանես, ապա չես իմանա, թե ուր է այդ սահմանը: Ահա թե ինչու անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը սխրագործ լինի, որ ձգտում է Գյոթե դառնալ: Բայց կարիք չկա ի լուր ամենքի հայտարարել, թե քեզ հաջողվել է Գյոթե դառնալ:
* * *
Ամեն անգամ, երբ մենք ձգտում ենք ոտք դնել գեղարվեստական կատարելության ուղի, մեր սխրանքը դեմ է առնում խոչընդոտների: Գուցե թե դա հանգստության տե՞նչն է: Ոչ, դա չէ: Ինչ-որ առավել առեղծվածային մի բան է: Որքան մարդ բարձրանում է սարն ի վեր, այնքան ամպերով ծածկված ստորոտը նրան հարազատ է դառնում` ահա թե ինչ: Նմանատիպ զգացողություն չունեցող մարդն ինձ խորթ է:
* * *
Թրթուրը ծառի ճյուղի վրա մահացու վտանգի է ենթարկվում իր թշնամիների պատճառով` ջերմաստիճանի, եղանակի, թռչունների: Արվեստագետը, որպեսզի ողջ մնա, նույնպես, թրթուրի պես, պետք է փրկվի իրեն դարանակալած վտանգներից: Հատկապես վտանգավոր է ընդհատումը: Ոչ, արվեստում դադարն անհնար է: Դեպի առաջ շարժման բացակայությունը նշանակում է՝ շարժում դեպի ետ: Բայց բավ է որ արվեստագետը ետ շարժվի, եւ ստեղծագործական պրոցեսը մեխանիկական է դառնում: Դա նշանակում է, որ նա ստեղծագործություն-զույգեր է ծնում: Բավական է որ ստեղծագործական պրոցեսը մեխանիկական դառնա, եւ արվեստագետը կործանման եզրին է հայտնվում: «Վիշապը» գրելով, ես ինձ հասցրի կործանման եզրին:
* * *
Ամենեւին էլ պարտադիր չէ օրինաչափությունը` թե որքան ճիշտ են մարդու հայացքներն առ արվեստ, այնքան նա լավ ստեղծագործություններ է գրում: Մի՞թե միայն ինձ է ընկճում այդ միտքը: Պաղատում եմ, որ դրանում միայնակ չգտնվեմ:
* * *
Բովանդակությունը` բունն է, ձեւը` ճյուղերը: Այս տեսակետը մեծ տարածում ունի: Սակայն դա միայն ճշմարտանման սուտ է: Ստեղծագործության բովանդակությունը` դա բովանդակությունն է, որ անպայման ձուլված է ձեւին: Մտածել, որ ի սկզբանե գոյություն ունի բովանդակությունը, իսկ ձեւը հետո է ստեղծվում, կարող է միայն կույրը, ով չի հասկանում արվեստի էությունը: Երեւի թե հիշում եք «Ուրվականների» Օսվալդի խոսքը` «Ծարավի եմ արեւի»: Ի՞նչ է այդ խոսքերի բովանդակությունը: Պրոֆեսոր Ցուբոիտին, «Ուրվականների» ծանոթագրություններում, այն թարգմանել էր «մութ է» բառով:
Հնարավոր է՝ տրամաբանության տեսանկյունից «ծարավի եմ արեւի» եւ «մութ է» միեւնույն բանն է, բայց այդ բառերի բովանդակության տեսակետից դրանք միմյանցից հեռու են, ինչպես երկինքը երկրից: «Ծարավի եմ արեւի» հանդիսավոր խոսքերի բովանդակությունը կարող է դրսեւորվել լոկ «ծարավի եմ արեւի» ձեւով: Իբսենի մեծությունն այն է, որ նա ճշգրիտ կարողացել է որսալ ամբողջությունը, որ միաձուլված է բովանդակության եւ ձեւի մեջ: Ոչ մի զարմանալի բան չկա այն բանում, որ Էչեգարայը «Դոն Ժուանի երեխան» պիեսի առաջաբանում հիացմունքով է խոսում այդ դրամայի մասին: Եթե խառնենք այդ խոսքերի բովանդակությունը եւ դրանցում պարփակված սիմվոլիկ իմաստը, ապա կարելի է հանգել բովանդակության սխալ գնահատանքին: Վարպետորեն հորինված բովանդակությունը դեռեւս ձեւ չէ: Բայց ձեւը պարփակված է հենց բովանդակության մեջ: Կամ ընդհակառակը: Մարդու համար, ով չի որսում այդ նրբին հարաբերությունները, արվեստը փակ գիրք է մնում:
* * *
Արվեստը սկսվում է ինքնարտահայտումից եւ ինքնարտահայտմամբ էլ ավարտվում է: Նկարներ չստեղծող նկարիչը, բանաստեղծություններ չգրող բանաստեղծը` բառեր են, որ փոխաբերական իմաստից զատ, որեւէ այլ իմաստ չունեն: Դրանք առավել տափակ են, քան «չսպիտակ կավիճը»:
* * *
Սակայն ձեւի առաջնության սխալ գաղափարը դավանողները` իսկական չարիք է: Փաստորեն, դա նույնպիսի չարիք է, ինչ բովանդակության առաջնության սխալ գաղափարը դավանելը: Վերջիններս աստղի փոխարեն երկնաքար են առաջարկում: Առաջինները, նայելով լուսատտիկին, մտածում են, թե դա աստղ է: Հակումներս, կրթությունը ինձ ստիպում են շրջահայաց լինել, եւ ծափերը նրանց, ովքեր դավանում են ձեւի առաջնության սխալ գաղափարը, ինձ չեն գրավում:
* * *
Երբ հաջողվում է ներթափանցել մեծ արվեստագետի ստեղծագործության մեջ, մենք, հաճախ նրա վիթխարի հզորությանը ենթարկված, մոռանում ենք այլ գրողների գոյության մասին: Ինչպես մարդիկ, որ երկար արեւին են նայում, եւ ահա բավ է հայացքը կտրեն արեւից, ու շուրջբոլորն ամեն ինչ մութ է թվում: Առաջին անգամ «Պատերազմ եւ խաղաղությունը» ընթերցելուց հետո, ես սկսեցի քամահրանքով վերաբերվել բոլոր մնացյալ ռուս գրողներին: Դա սխալ էր: Մենք պետք է գիտենանք, որ բացի արեւից՝ գոյություն ունեն լուսինն ու աստղերը: Գյոթեն Միքելանջելոյի «Ահեղ դատաստանով» հիացած՝ իրեն թույլ տվեց կասկածել, թե արդյո՞ք քամահրանքի արժանի չէ Ռաֆայելը Վատիկանում:
* * *
Արվեստագետը, արտասովոր ստեղծագործություն ստեղծելու համար, չի կանգնի նույնիսկ այն բանի առջեւ, որ հոգին ծախի սատանային: Ես, անշուշտ, նույնպես դա կանեմ: Բայց կան մարդիկ, ովքեր առավել թեթեւությամբ դա կանեն, քան ես:
* * *
Ճապոնիա ժամանած Մեֆիստոֆելը հայտարարեց` «Չկա այնպիսի ստեղծագործություն, որը հնարավոր չլինի անարգել: Միակ բանը, որ պետք է անի խելոք քննադատը` ընտրել պահը, երբ իր պարսավանքը կընկալվի: Եվ, օգտվելով այդ պահից, գրողի գլխին անեծքներ տեղա: Այդպիսի անեծքները երկակի ազդեցություն ունեն: Եվ ժողովրդի դեմ են, եւ թե գրողի»:
* * *
Արվեստ հասկանալ-չհասկանալը նրա մասին դատողություններից անդին է: Որպեսզի իմանաս՝ ջուրը տա՞ք է, թե՞ սառը, կա լոկ մի միջոց` խմել այն: Այդպես է եւ, երբ խոսքը արվեստի ըմբռնման մասին է: Մտածել, որ կարելի է քննադատ դառնալ՝ գեղագիտությանը վերաբերող գրքեր ընթերցելով, նույնն է թե, իբր՝ բավ է որ ուղեցույցներ կարդաս, եւ արդեն ոչ մի խորհրդավոր տեղ Ճապոնիայում չի մնա: Ժողովրդին, կարծում եմ, հնարավոր է խաբել:
* * *
Ցանկացած հանճարի ստեղծագործական գործունեությունը միշտ գիտակցված է: Ի՞նչ է դա նշանակում: «Սոճին քարի վրա» նկարում ծառի ճյուղերն ուղղված են մի կողմի վրա: Ինչո՞ւ է դա այդքան ապշեցուցիչ տպավորություն ստեղծում: Չգիտեմ, արդյոք դա հայտնի էր հենց նկարչին, բայց այն, որ տպավորությունը ստեղծված է ճյուղերի հենց այդպիսի դասավորությամբ, նա հիանալիորեն հասկանում էր: Եթե չհասկանար, բնավ էլ հանճար չէր լինի: Այլ կլիներ սովորական ռոբոտ:
* * *
Անգիտակից ստեղծագործական գործունեությունը պատրանք է: Ահա թե ինչու Ռոդենն այդչափ քամահրանքով էր արտահայտվում ներշնչանքի մասին:
* * *
Սեզանը, լսելով այն քննադատական դիտողությունը, թե Դելակրուան ծաղիկներն անփույթ է նկարում, խստորեն դեմ ելավ: Հնարավոր է, որ նա կամենում էր միայն Դելակրուայի մասին խոսել: Սակայն բողոքի մեջ ակնհայտորեն դրսեւորվում է հենց Սեզանի կերպարը: Հասու լինելու համար անխախտ օրենքներին, որոնք ստիպում են արվեստագետին գեղարվեստական ցնցում ապրել, հարկ է քրտինքի մեջ կորած աշխատել` հենց դա է Սեզանի ապշեցուցիչ կերպարը:
* * *
Այդ անխախտ օրենքից օգտվել կարողանալը` յուրատեսակ աճպարարություն է: Նրանք, ովքեր արհամարհում են նմանատիպ ֆոկուսները, կամ չեն հասկանում, թե ինչ է արվեստը, կամ էլ կիրառում են այդ բառը միայն մեկ իմաստով` ուրիշ բացատրություն ես չեմ տեսնում: Բայց այդ դեպքում սնապարծորեն հայտարարելը, թե դա արդեն բանի նման չէ` նույնն է թե, երկրի երեսի բոլոր բուսակերներին ժլատ համարես, բուսակերությունը համարելով ագահության այլ անվանումը: Ինչո՞ւ այս քամահրանքը: Բոլոր արվեստագետներն էլ, կամա թե ակամա, ստիպված են ֆոկուսների դիմելու: Վերադառնանք «Սոճին քարի վրա» նկարին: Որոշակի տպավորության հասնելու համար, արվեստագետը, կամենար թե չկամենար, ստիպված էր ինչ-որ հնարքի դիմելու` սոճու տերեւները մի կողմի վրա տանել: «Գրում են սրտով: Գրում են կյանքով»: Այդ շողշողուն, հանց նրբաթերթ ոսկի խոսքերը լավ են միայն աշակերտներին ուղղելու համար, հանուն նրանց ուսուցման:
* * *
Պարզությունը գովելի է Սակայն այն, ինչ պարզություն է կոչվում արվեստում` աներեւակայելի բարդություն ունեցող պարզություն է: Պարզությունը այն է, երբ մամլիչի տակով անցկացրածը դարձյալ դնում են մամլիչի տակ: Մարդիկ, ովքեր ունակ չեն հասկանալու, թե որքան ստեղծագործական ճիգեր պիտի գործադրեն, որպեսզի այդպիսի պարզության հասնեն, կարող են անվերջորեն ինչ-որ բան ստեղծել ու ստեղծել, եւ իրենց այդ մանկական թոթովանքը, Դեմոսթենոսին գերազանցող եւ պերճախոս համարել: Իսկական բարդությունը շատ ավելի մոտ է ճշմարիտ պարզությանը, քան այդ անբովանդակ պարզությունը:
* * *
Վտանգավոր է ոչ թե աճպարարությունն ինքնին, այլ ճարտարությունը, որով այն անում են: Ճարտարությունը կարող է թաքցնել անբավարար լրջությունը: Ամոթ է խոստովանելը, բայց իմ թույլ գործերում կան եւ այդպիսիները, ճարտարորեն ձեւված: Հնարավոր է, որ դա ուրախությամբ ընդունեն եւ իմ թշնամիները: Բայց այդուհանդերձ
* * *
Ըստ իմ բնույթի՝ ես սիբարիտ եմ (սիբարիտ-գրգամոլ, անբան, շռայլակյաց), եւ եթե չափազանց հակում ցուցաբերեմ առ նրբագեղությունը, ապա վտանգ կա, որ դա ինձ նրբացածության գերի կդարձնի: Եվ քանի որ իմ բնույթը չի փոխվի, հարկ է ինձ, նաեւ այլ մարդկանց, հստակ ցույց տալ, թե ես ինչին եմ հավատում, եւ չթաքնվել խեցու մեջ, ջանալով չցուցադրել ոչ ինձ, ոչ ուրիշներին, թե ես ինչ եմ ինձանից ներկայացնում: Հենց դրա համար էլ ես որոշեցի փոքր-ինչ զրուցել: Եթե ես դրա վրա ողջ ուժերս չվատնեմ, ապա մոտ է ժամը, երբ ինձ արդեն ափ դուրս գալ չի հաջողվի:
ԵՐԵՔ ԻՆՉՈՒ
Ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային
Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի եւ բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու եւ Ադամի ու Եվայի մասին:
Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին եւ հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը:
Ենթարկվելով ինչ-որ բարեպաշտական զգացողության, Ֆաուստը կյանքում գեթ մեկ անգամ խնձոր չէր համտեսել: Բայց մի գիշեր, երբ դրսում մոլեգնում էր փոթորիկը, նա հանկարծ սովածացավ, խնձոր խորովեց եւ կերավ այն: Այդ պահից ի վեր խնձորը նրա գիտակցության մեջ միաձուլվեց նաեւ սնունդ հասկացությանը: Այժմ խնձոր տեսնելիս նա հիշում էր Մովսեսի տասը պատվիրանները, խորհրդածում էր գույների ներդաշնակության մասին եւ միաժամանակ փորի մեջ ղռղռոց էր զգում:
Վերջապես, մի ցրտաշունչ առավոտ, նայելով խնձորին, Ֆաուստը հանկարծ մտածեց, որ առեւտրականի համար խնձորը ոչ այլ ինչ է, քան սովորական ապրանք: Որոշ քանակություն վաճառելով` վաճառականը արծաթադրամ է ստանում: Այդ ժամանակվանից ի վեր խնձոր հասկացությունը Ֆաուստի համար միաձուլվեց փող հասկացությանը:
Մի ամպամած օր Ֆաուստը միայնակ նստած էր իր առանձնասենյակում, չգիտես ինչպես, մի վտիտ շուն հայտնվեց: Ողջ մարմնով դողալով, շունն ակնթարթորեն կերպափոխվեց ասպետի եւ Ֆաուստին հարգալից գլուխ տվեց:
Ուրեմն ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային: Դա հարկ է որ հասկանալի լինի վերն ասվածից: Սակայն հանդիպումը սատանայի հետ դեռեւս չի նշանակում Ֆաուստի ողբերգության վերջին` հինգերորդ գործողությունը:
Մի անգամ երեկոյան, ուժեղ սառնամանիքին, Ֆաուստը եւ սատանան, որ ասպետի կերպարանք էր առել, զբոսնում էին մարդաշատ փողոցով, զրուցելով խնձորի մասին: Հանկարծ նրանք տեսան մի նիհար արտասվաթոր մանչուկի: Նա քաշում էր իր չքավոր մոր ձեռքն ու մուրում. «ինձ խնձոր առ»:
Սատանան կանգ առավ ու մանչուկին մատնացույց անելով՝ ասաց.
– Նայեք այս խնձորին: Մի՞թե այն տանջանքի գործիք չէ:
Ահա թե երբ է բարձրանում վարագույրը, եւ սկսվում է Ֆաուստի ողբերգության հինգերորդ գործողությունը:
Ինչո՞ւ Սողոմոնը միայն մեկ անգամ տեսավ Սաբայի թագուհուն
Սողոմոնը տեսել է Սաբայի թագուհուն միայն մեկ անգամ: Եվ բանն այն չէ, որ նրա թագավորությունը չափազանց հեռու էր: Թարսիսի նավը բերում էր ոսկի եւ արծաթ, փղոսկր եւ կապիկներ ու սիրամարգներ: Բայց ուղտերը Սողոմոնի բանբերներով ոչ մի անգամ չանցան Երուսաղեմը շրջափակող բլուրներն ու անապատները, որոնցից անդին տարածվում էր Սաբայի թագավորությունը:
Սողոմոնը միայնակ նստած էր իր պալատում: Սիրտը նրա թախծից տրտմել էր: Նույնիսկ բազմաթիվ հարճերը, որոնց մեջ կային եւ մոավիուհիներ, ամոնուհիներ եւ իդոմենուհիներ եւ սիդոնուհիներ եւ խեթուհիներ, անկարող էին նրան մխիթարել: Նա մտածում էր Սաբայի թագուհու մասին, ում տեսել էր գեթ մեկ անգամ:
Սաբայի թագուհին գեղեցկուհի չէր, դե, նաեւ տարիքով էր գերազանցում Սողոմոնին: Բայց այդ կինն օժտված էր բացառիկ իմաստությամբ: Նրա հետ զրուցելիս Սողոմոնը զգում էր, թե ինչպես հիացմունքից սիրտը թրթռում է: Այդպիսի հրճվանք նա չէր ապրել նույնիսկ հմայատեսների եւ աստղաբաշխների հետ` նրանց գաղտնիքների մասին խորհրդածելիս: Այդպիսի զարմանալի կնոջ հետ, ինչպիսին Սաբայի թագուհին էր, Սողոմոնը պատրաստ էր խոսել եւ երկու անգամ, եւ երեք, եւ, ինչի մասին է խոսքը` ողջ կյանքում:
Սակայն միաժամանակ Սաբայի թագուհին Սողոմոնին ահ էր ներշնչում: Նրա կողքին նա կարծես թե կորցնում էր իր իմաստնությունը: Համենայն դեպս, իր համար դժվար էր որոշել, թե ում իմաստնությամբ է նա առավել հպարտանում` իր սեփակա՞ն, թե՞ Սաբայի թագուհու: Սողոմոնն ուներ բազմաթիվ կանայք եւ հարճեր` մոավուհիներ, ամոնուհիներ, իդոմեուհիներ, սիդոնուհիներ, խեթուհիներ, բայց նրանք ամենքն իր հոգեւոր ստրկուհիներն էին: Նույնիսկ նրանց շոյելիս, ի խորոց սրտի, նրանց հանդեպ քամահրանք էր զգում: Սաբայի թագուհուն երբեմն հաջողվում էր Սողոմոնին իր ստրուկը դարձնել:
Սողոմոնը վախենում էր նրա ստրուկը դառնալուց, բայց մյուս կողմից` դա երանելի զգացողություն էր: Նման հակասությունը Սողոմոնին անասելի տառապանք էր պատճառում: Բազմած իր փղոսկրյա գահին, որը զարդարված էր մաքուր ոսկուց ձուլված առյուծներով, նա ժամանակ առ ժամանակ ծանր հոգոցներ էր հանում, որոնցից բանաստեղծություններ էին ծնվում.
Հանց խնձորենի ծառերի մեջ անտառային,
Այդպես է սիրեցյալն իմ ընդմեջ պարմանիների:
Դրոշը նրա իմ գլխավերեւում` սերն է:
Կազդուրեք ինձ գինով, թարմացրեք ինձ խնձորներով,
Քանզի ես տառապում եմ սիրուց:
Մի անգամ մայրամուտին Սողոմոնը ելավ իր ապարանքի պատշգամբն ու հայացքը հառեց հեռու, դեպի արեւմուտք: Բնականաբար, նա այնտեղից չէր կարող տեսնել Սաբայի թագավորությունը, բայց նա համակվեց հանգստությանը մոտ մի զգացողությամբ, որը միաժամանակ նման էր տրտմության:
Հանկարծ մայր մտնող արեգակի շողերի ներքո հայտնվեց անհայտ գազանի տեսքով մի ուրվական, որը երկգլխանի թեւավոր առյուծ էր հիշեցնում: Գլուխներից մեկը Սաբայի թագուհունն էր, իսկ մյուսը` Սողոմոնինը: Երկուսի բերաններն էլ բաց էին, իսկ աչքերից, չգիտես ինչու, արցունքներ էին գլորվում: Որոշ ժամանակ ուրվականը ճախրում էր օդում, իսկ հետո քամու ոռնոց լսվեց, եւ նա չքացավ երկնից բարձունքում` թռցնելով իր ետեւից երկնակամարով մեկ ձգվող ամպերի արծաթավուն շղթան:
Սողոմոնը առաջվա պես անշարժ կանգնած էր պատշգամբում: Տեսիլքի իմաստը, գուցե թե այլոց համար առեղծվածային, իր համար հասկանալի էր:
Երբ Երուսաղեմի վրա իջավ գիշերը, Սողոմոնը` նա դեռ երիտասարդ էր, սկսեց իր կանանց, հարճերի եւ ծառաների հետ գինի խմել: Ուտելու եւ խմելու նրա բոլոր ամանները մաքուր ոսկուց էին: Բայց Սողոմոնը սովորականի պես տրտում էր ու լռակյաց:
Նրան տոգորել էր մինչ այժմ անհայտ եւ ուժգին մի զգացողություն, որը շնչելը դժվարացնում էր.
Մի կշտամբիր քրքումին այն բանի համար, որ ալ է,
Մի կշտամբիր դափնուն այն բանի համար, որ բուրավետ է.
Եվ սակայն ինչ տխուր է,
Որ քրքումը չափազանց ալ է,
Իսկ դափնին այդքան սուր է բուրում:
Այդպես էր երգում Սողոմոնը, մատները դիպցնելով տավղին, եւ այտն ի վար գլորվում էին արցունքները, երգի բառերը ձուլվում էին մեղմորեն, որ անսովոր կրքով էին լեցուն: Հարճերն ու ծառաները տարակուսած միմյանց էին նայում, բայց նրանցից ոչ ոք չէր համարձակվում Սողոմոնին հարցնել, թե ինչ է նշանակում այդ երգը: Երգելով մինչեւ վերջ, նա թագակիր գլուխը հակեց կրծքին եւ որոշ ժամանակ փակ աչքերով նստած էր: Իսկ հետո Իսկ հետո Սողոմոնն անսպասելի բարձրացրեց պայծառ դեմքը եւ, ինչպես անցյալում, սկսեց խոսել իր կանանց, հարճերի եւ ծառաների հետ:
Թարսիսի նավը եւ Քիրամի նավը երեք տարին մեկ բերում էին ոսկի եւ արծաթ եւ կապիկներ ու սիրամարգներ: Բայց ուղտերը, Սողոմոնի բանբերներով ուղտերը, ոչ մի անգամ չանցան Երուսաղեմը շրջափակող բլուրներն ու անապատները, որոնցից անդին փռված էր Սաբայի թագավորությունը:
Ինչո՞ւ Ռոբինզոնը ընտելացրեց կապիկին
Քանզի ուզում էր իր առաջ տեսնել ինքն իր ծաղրանկարը: Դա ինձ ստուգապես հայտնի է: Երբ Ռոբինզոնը հրացանն առած, ծնկների մոտ պատռված անդրավարտիքով նայում էր կապիկին, որն իր գորշ կերպարանքով հայացքը հառել էր երկնքին, նրա դեմքին ժպիտ էր ծաղկում:
ԳՈՐՏԸ
Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին շաքարեղեգի եւ որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերեւում` ամառային կապույտ երկինքն է, եւ այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջեւ կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում:
Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց.
– Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
– Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը եւ ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, եւ այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը եւ քնատ թուքը կլլեց:
– Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետեւաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
– Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, եւ սեւ աչքերը փայկտացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:
Շաքարեղեգի տերեւի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
– Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արեւը: Հետեւաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, եւ ջուրը, եւ խոտը, եւ ծառերը, եւ միջատները, եւ երկիրը, եւ երկինքը, եւ արեւը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով եւ մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
– Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, եւ պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
– Կըռ, կըռ, դա սարսափելի է:
– Կըռ, կըռ, դա սարսափելի է:
– Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին եւ թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռեւս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
– Եվ ջուրը, եւ խոտը, եւ ծառերը, եւ միջատները, եւ երկիրը, եւ երկինքը, եւ արեւը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
– Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:
Թարգմանությունը՝ Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԻ
նյութը վերցված է՝ http://goo.gl/pPsmlk