Հայ պատգամավորների հանդիպումը «Ճապոնիա-ՀՀ» պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահի հետ

Հայ պատգամավորների հանդիպումը «Ճապոնիա-ՀՀ» պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահի հետ

Share

Հունիս 6 2014 

Հունիսի 2-4-ը «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա: Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել «Ճապոնիա-Հայաստան» պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահ, Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոյի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության բացման առիթով բարեկամության խմբերի առաջին համատեղ նիստի հնարավոր անցկացումը Երևանում: ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սամվել Ֆարմանյանը հանդիպում են ունեցել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սյունիծի Սուձուկիի հետ: Ողջունելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը, Սյունիծի Սուձուկին կարևորել է հայ խորհրդարանականների այցը Ճապոնիա՝ վստահություն հայտնելով, որ նման այցելությունները, ինչպես նաև Ճապոնիայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնումը Երևանում նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերություններին: Հայ խորհրդարանականները Սյունիծի Սուձուկիին են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ: Սամվել Ֆարմանյանին և Ալեքսանդր Արզումանյանին Տոկիոյում ընդունել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նոբուո Կիշին: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության հեռանկարները: Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված շուրջ 0.5 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակության համար և կարևորել սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտում Ճապոնիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցության հետագա շարունակությունը: 

նյութը վերցված է՝  http://armlur.am/179389/