Սակուրայի ծաղկունքը գարնան գալուստը խորհրդանշող ամենակարևոր իրադարձությունն է Ճապոնիայում: Ի սկզբանե, սակուրան՝ բալենու ծաղիկը, այստեղ կրել է կյանքի անցողիկ և նուրբ լինելու գաղափարը. կյանքը սակուրայի նման կարճատև է և անկայուն: Ճապոնացիներն այնքան են գնահատում բնության հեղինակած այս փոքրիկ ներկայացումը, որտեղ հերոսուհիները ծաղիկներով թագադրված բալենիներն են, որ այս երևույթին մոտենում են ինչպես համազգային տոնի և կոչում այն Հանամի (Օ- Հանամի):
Այս օրերին բոլոր զբոսայգիները, հրապարակները և բուդդայական սրբավայրերը ավելի մարդաշատ են, քան երբևէ: Բնության հրաշքին մասնակից լինելու և գնահատելու հնարավորությունը ճապոնացիներն, ինչպես նաև այլազգի զբոսաշրջիկները, ովքեր հաճախ Ճապոնիա են այցելում հենց այս տեսարանը տեսնելու մտադրությամբ, չեն ցանկանում բաց թողնել ոչ մի վայրկյան: Նույնիսկ մթության ուժը չի բավականացնում հաղթելու գեղեցիկը գնահատող մարդկանց հետաքրքրասիրությունը: Ուստի, այդ նպատակով բալենիները երեկոյան ներկայացվում են համապատասխան լուսավորության ներքո, որը յուրահատուկ հեքիաթային և կախարդական մթնոլորտ է ստեղծում տարածքում:
Հանամին, չնայած պաշտոնական տոն չի համարվում, սակայն այնքան մեծ և համատարած սեր է վայելում, որ այս օրերին նույնիսկ հեռուստատեսությամբ տրվող ամենասպասված լուրը սակուրայի ծաղկունքն է երկրի այս կամ այն հատվածում:
Հարկ է նշել, որ Հանամիի ավանդույթը գալիս է դեռ շատ հնուց՝ Հեյան ժամանակաշրջանից: Ժամանակի ազնվականության և մտավորականության ներկայացուցիչները հավաքվում էին ծաղկած բալենիների ճյուղերի ներքո, զմայլվում տեսարանով և զարկ տալիս փիլիսոփայական մտքերի ծնունդին: Այդ փիլիսոփայության արդյունքն էլ սակուրայի բնութագիրն է որպես վաղանցիկության՝ կյանքի սղության արտացոլում: Այս տարի սակուրայի առաջին բողբոջները Տոկիոյում հայտնվեցին մարտի 21-ին, իսկ մոտավորապես ապրիլի 3-ին կհասնեն իրենց ծաղկունքի գագաթնակետին:
Էլեն Հակոբյան
նյութը վերցված է՝ http://ostarmenia.com/hy/latest-news-arm/hanami-2703/