Հայ – ճապոնական մշակութային համագործակցության ևս մեկ դրսևորում

Share

Ճապոնիայի Կառավարության կողմից մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահը համալրվել է գեղանկարների վերականգնման սարքավորումներով: ՀԱՊ-ին գեղանկարչական, գրաֆիկական և փայտափորագրական ստեղծագործությունների վերականգնման համար նախատեսված տեխնիկայի տրամադրումը իրականացել է Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների կողմից` Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով:
Սարքավորումների հանձնման արարողությունը տեղի ունեցավ այսօր` 2011 թ. նոյեմբերի 8-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում` ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը Մոսկվա/ նորին գերազանցություն Ծիկահիտո Հարադայի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ:
Սույն ծրագրի շրջանակներում հնարավորություն են ունեցել տեխնիկական օժանդակություն ստանալ հայաստանյան մի շարք մշակութային հաստատություններ. դրանցից են` Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը /երաժշտական գործիքներ և ձայնային սարքավորումներ/, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – Մատենադարանը /ձեռագրերի վերականգնման սարքավորումներ/, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը /ձայնային սարքավորումներ/, Երևանի պետական կոնսերվատորիան /երաժշտական գործիքներ/ և այլն: Առջևում է հաջորդ դրամաշնորհային նախագիծը, որի շնորհիվ տեխնիկապես կվերազինվի նաև վավերագրական ֆիլմերի <<Հայկ>> կինոստուդիան:
Միջոցառման ընթացքում պարգևներ հանձնվեցին <<Միասին պաշտպանենք մոլորակը>> խորագրով մանկական միջազգային նկարչության մրցույթի հաղթողներ Լիանա Մարգարյանին ու Լուսինե Աղաջանյանին:
Ծրագրի շրջանակներում ՀԱՊ-ի հավաքածուներից ներկայացվեց նաև Ուկիո-է` ճապոնական փայտափորագրությունների ցուցահանդեսը: Արվեստասեր հասարակությանը հնարավորություն ընձեռվեց ևս մեկ անգամ հաղորդակցվելու ծագող արևի երկրի վարպետների բարձր արվեստին և ճապոնական ժողովրդի՝ մեզ այնքան մոտ և այնքան հեռու երկրի փիլիսոփայությանը և աշխարհընկալմանը:
1994 թ. «Ուտագավա դպրոցի ընկերություն»-ը Գոինո Տադասիի (արտիստական անունը Ուտագավա Սյոկոկու) գլխավորությամբ առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացրել է Ուկիո -է փայտափորագրության հավաքածուն: Անսովոր այդ ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանի ազգային պատկերասրահին են ընծայել XIX դարի ուկիյո-է տաղանդավոր փորագրանկարիչներից Ուտագավա Տոյոկունի III-ի, Ուտագավա Կունիսադա II-ի և այլ վարպետների գործերից 127 թերթ, որոնց մի մասը երևանյան արվեստասերներին ներկայացվել է ՀԱՊ-ում` 2008 թ.:
Ուկիո-է` առօրյա աշխարհի պատկերներ ճապոնական փայտափորագրությունը, որը ստեղծվել ու զարգացել է XVII-XVIII դդ., առանձնահատուկ երևույթ է համաշխարհային մշակույթում: Ուկիյո-է փայտափորագրության վարպետներն իրենց ստեղծագործությամբ կերտել են առօրյայի պոեզիան: Առօրյայի գեղագիտական արժեքի հաստատումն արտահայտվել է բուն անվանման մեջ, փոխառված բուդդիստական տերմինաբանությունից, ուր այդ բառն օգտագործվել է մարդու աշխարհիկ կյանքի բնորոշման համար, իսկ 1682 թվականին առաջին անգամ կիրառվել է նոր ուղղության նշման համար:
Կենցաղային ժանրը, դիմանկարը, ապա և բնանկարը դարձան նոր գեղարվեստական ուղղության հիմնական թեմաներ, որոնք ստացան ուկիյո-է` առօրյա աշխարհի պատկերներ անվանումը: Ամենօրյա կյանքի պատկերումը ուկիյո-է նկարիչներին հնարավորություն է տվել ներթափանցել ժողովրդի մշակույթ, նրա գեղագիտական հայացքների ոլորտ, օգնել նորովի ընկալել բնությունը, ավանդույթներն ու ծեսերը, նորովի բացահայտել բանահյուսական կերպարները, պատմական գործիչներին, դերասաններին և գեղեցկուհիներին, փառապանծ ըմբիշներին, մայրության քնքշությունը…: Հենց Էդո դարաշրջանում էլ ստեղծվում է Կաբուկի ժողովրդական թատրոնը, որի բեմում հայտնվում են նոր հերոսներ` հասարակ ժողովրդի խելացի, աշխատասեր, բանիմաց ներկայացուցիչներ:

նյութը վերցրված է՝ http://goo.gl/lPByZL