Անբացատրելի զգացողություններ ունեցա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Հայոց ցեղասպանության թանգարանում: Այնքան բան տեսա, այնպիսի պատմություններ լսեցի, որ չեմ կարողանում դեռեւս խոսել: Միայն կասեմ, որ աշխարհում տեղի ունեցող ոճրագործությունները պետք է ընդունվեն, որպեսզի դրանք երբեք չկրկնվեն: Չգիտեմ՝ Հայոց ցեղասպանությունը մի օր ճանաչում կունենա թե ոչ, բայց այլեւս երբեք նման ոճրագրոծություններ պետք է տեղի չունենան:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց կարատեի աշխարհահռչակ վարպետ, սեւ գոտի 8-րդ դան, ճապոնացի Մասաո Կավասոն, ով այս օրերին JKA Armenia-ի նախագահ Շահեն Պետրոսյանի հրավերով Հայաստանում է:
Մասաո Կավասոյի հայաստանյան այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում է: Նախքան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը կարատեի վարպետը հանդիպեց լրագրողների հետ:
«Արդեն 10-րդ անգամ եմ այցելում Հայաստան: Հետեւում եմ Հայաստանում մարտարվեստների, կարատեի զարգացմանը: Չնայած սա իմ հերթական այցելությունն է Հայաստան, բայց երեւի ամենակարեւորն է, որովհետեւ այս անգամ այցելելու եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իմ հարգանքի տուրքը մատուցեմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ցավում եմ, բայց շատ բան չգիտեմ Հայող ցեղասպանության մասին, բայց հուսով եմ, որ աշխարհում այլեւս երբեք ոճրագործություններ չեն լինի: Ինձ համար նշանակալից է, որ 10-րդ այցս համընկավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Ես ունեմ իմ կարգախոսը ոճրագրոծությունների մասին՝ այլեւս, երբեք: Ես ցանկանում եմ, որ աշխարհում ընդունվեն եւ ճանաչում ունենան ոճրագործությունները, որպեսզի այլեւս երբեք դրանք չկրկնվեն»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սենսեյը:
Մասաո Կավասոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, շրջեց Ցեղասպանության թանգարանում եւ լուսանկարվեց Արարատ լեռան ֆոնին:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում սենսեյը պատմեց զգացողությունների եւ տպավորությունների մասին: «Ինձ համար շատ դժվար է այս պահին խոսել, մեկնաբանել: Այնքան շատ ինֆորմացիա ստացա, լսեցի, այնպիսի պատկերներ տեսա: Զգացողություններս հակասական են:
Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալ հայերի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, մարդկային կյանքերի պատմություններին, ցանկանում եմ, որ էլ երբեք չկրկվեն նման ոճրագործություններ: Իմ ծնողները եւս մեծ կորուստներ են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում, իսկ մենք հաջողակ ենք, որ խաղաղության մեջ ենք ապրում»,-ասաց Մասաո Կավասոն:
Հարցին, թե Հայոց ցեղասպանության ճանաչում կլինի մի օր, թե ոչ, Մասաո Կավասոն դժվարացավ պատասխանել.
«Չեմ կարող ասել, չգիտեմ: Մենք բոլորովին այլ սերունդ ենք, ցեղասպանությունը վերապրածները՝ այլ սերունդ: Մենք պետք է միայն կանխենք եւ ընդունենք այդ ցեղասպանությունները, որպեսզի չկրկնվեն դրանք»:
Նոյեմբերի 15-ին Երեւանի Խուլ-համրերի պալատում Մասաո Կավասոն սեմինար կանցկացնի հայ կարատեիստների մասնակցությամբ:
Հեղինակ՝ Լուսինե Շահբազյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
նյութը վերցված է NEWS.am Sport