14.02.2018
Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։
Ստորագրման արարողությանը ներկաներին ուղղված իր խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ասաց. «Անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Հայաստանի և Ճապոնիայի հարաբերություններն անցել են զարգացման նշանակալի ճանապարհ, որի ընթացքում երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումն, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ հարաբերությունների առավել ակտիվացման համար»:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և Հայաստանը պատրաստ է համատեղ ջանքերով այն լիակատար օգտագործել: ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրում, և մենք դա բարձր ենք գնահատում՝ համոզված լինելով, որ այս փաստաթուղթը նոր խթան կարող է հանդիսանալ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:
նյութը վերցված է՝ http://www.mfa.am/hy/press-releases/item/2018/02/14/fm_japan_agreement/
շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!