Ճապոնասեր Վարդանյան Աննան իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

Ճապոնասեր Վարդանյան Աննան իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

Share

«Մի պտոյտ Ճապոնում՛», հեղ. Հեղինէ Մելիք-Հայկազեան, Թիֆլիզ, 1905 թ.:
«Գրքերի աշխարհում» գտա այս գիրքը Հայաստանի ազգային գրադարանում: Մեր հայրենակցուհու հուշերն ու տպավորությունները Ճապոնիա իր այցի՝ դեռ 1900-ականների սկզբին, շարադրված գրագետ և հետաքրքիր, արկածներով լի մի ճամփորդական պատմություն են:
Հետաքրքիր էր տեսնել Ճապոնիան տիկին Հեղինէի աչքերով, Ճապոնիա, որ դեռ չի «տեսել» պատերազմ, ատոմային ռմբակոծություն, մտովի շրջել Նագասակիի քարափով, «զգալ» ճապոնական խոշոր քաղաքների ռիթմը, ծանոթանալ այժմ արդեն հայտնի, բայց այդ տարիներին դեռևս նոր զարգացող ճապոնական արվեստի որոշ ճյուղերին: Շատ հետաքրքիր մի պատմություն, որ կարելի է ընթերցել մեկ շնչով:
Ընթերցման ամբողջ ընթացքում անհամբեր սպասում էի, որ տիկին Հեղինէն հայի պետք է հանդիպի այնտեղ, կամ մի հարց կծագի անպայման՝ կապված ազգային պատկանելության հետ: Հայ-ճապոնական հարաբերությունների պատմության վերաբերյալ իմ գիտելիքները սկսվում են Դիանա Աբգարի մասին մեզ հասած տեղեկություններով, որոնք նույնպես վերագրվում են այդ ժամանակաշրջանին:
Իմ սպասումներն արդարացան: Հատվածը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը՝ պաշտպանելով հեղինակի իրավունքները:
Հյուրընկալություն ճապոնացու տանը.

Նախ նա յայտնեց իր ջերմ ուրախութիունը, որ ես պատւել եմ իր տունը իմ այցելությամբ, յետոյ հարցրեց ազգութիւնս, և երբ իմացաւ, թէ հայ եմ, խիստ զարմացած աչքերը չռեց ու հարցրեց վարարումով.
«Ա՞յն հայերից, որոնք շարունակ թուրքերի դէմ կռւում են»:
Հիմա էլ զարմանալու հերթը իմն էր:
- Ախ, մի՞թե դուք լսել եք հայերի մասին:
- Ինչպէս չէ. Յիշում եմ մի քանի տարի առաջ կոտորածներ կային, եթէ չեմ սխալւում: Այստեղ մի ինչ -որ միսիօնար փող էր հաւաքում ձեզ ուղարկելու համար: Հիմա ի՞նչ վիճակի մեջ է Ձեր երկիրը:
Ես նայում էի նրա երեսին ու չը գիտէի, ինչ պատասխանեմ, ուրախանամ թէ՞ տխրեմ, որ մեր մեծ ցաւերի ալիքները մինչև ճապոնական կղզիներ էին հասել:

Հետաքիքիր և հուզիչ էր իմանալ, որ դեռ նախորդ դարասկզբում ապրող ճապոնացիներին հուզել են հայ ազգի խնդիրները: Ես պատմաբան չեմ, և մի գուցե շփոթվեմ այս պահին, բայց լինելով ճապոնասեր և մշտապես հետևելելով հայ-ճապոնական հարաբերությունների պատմական ընթացքին, ինձ ծանոթ ամենահին հայ և ճապոնացի ազգերի վերաբերյալ պատմական թելն այս պահին կարելի է համարել Հեղինէ Մելիք-Հայկազեանի հեղինակած գիրքի այս փոքրիկ հատվածը:

նյութը վերցված է՝ Vardanyan Anna