Ձնեմարդուկ

Ձնեմարդուկ

Share

18 Հունվարի 2017

Ձնե քանդակների փառատոնը Ջերմուկում արդեն հինգերորդ անգամ կհյուրընկալի այցելուներին փետրվարի 17-19-ը` «Ձնեմարդուկ-2017» խորագրի ներքո։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը։

«Փառատոնը սկսելու ողջ իմաստն ու նպատակն այն էր, որ փորձենք ձմեռային զբոսաշրջային սեզոնը ավելի երկարացնել։ Փառատոնը իրականացնում ենք փետրվարին, քանի որ դեկտեմբերին կամ հունվարին Ջերմուկում համեմատաբար շատ մարդ կա։ Այս պարագայում հյուրանոցները և տուրիզմի ոլորտում աշխատող բիզնեսները կկարողանան ունենալ շատ այցելուներ և ի վիճակի կլինեն ավելի երկար աշխատելու»,- նշեց Վազգեն Գալստյանը։

Նրա խոսքով, «Ձնեմարդուկ-2017»-ի նպատակն է նաև ստեղծել հավելյալ աշխատեղեր, ինչպես նաև լուծել զբաղվածության և երիտասարդական ակտիվության հետ կապված խնդիրները։

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահն ասաց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից խորհրդատվություն են ստացել, բայց ֆինանսական և այլ աջակցություններ չեն ստացել։ Ասաց, որ միայն 2015 թվականին զբոսաշրջության վարչության աջակցությամբ ավտոբուսներ են տրամադրվել՝ Երևանից դեպի Ջերմուկ մարդկանց տեղափոխությունը կազմակերպելու համար։ «Մենք իրենցից ակնկալում ենք մի փոքր այլ աջակցություն, ոչ թե փառատոնի կազմակերպում, այլ, որ փորձեն ինչ-որ կերպ օգնել ձմեռային տուրիզմի ենթակառուցվածքների ստեղծման հարցում»,- շեշտեց Վազգենը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն էլ ասաց, որ քաղաքապետարանն իր ուժերի ներածին չափով անում է և կանի ամենինչ քաղաքում զբոսաշրջության և ինչու չէ, նաև երիտասարդական ակտիվության զարգացման համար։

«Ամեն տարի փառատոնը ավելի է ընդլայնվում, մենք էլ ցուցաբերում ենք համապատասխան ֆինանսական օգնություն։ Քաղաքապետարանի միջնորդությամբ հյուրանոցները, առողջարանները շատ ցածր գներով փաթեթներ են կազմում, իսկ ճոպանուղին էլ զեղչով է գործում։ Ռեստորանները դրսում սննդի տաղավարներ են տեղադրում, օգնում ենք ավտոբուսի հարցում, որպեսզի մասնակիցների տեղափոխումը կատարվի հավուր պատշաճի։ Այժմ կազմակերպիչները պետք է բյուջեն ներկայացնեն, որից հետո կքննարկենք բոլոր հարցերը կապված փառատոնի հետ և, եթե քաղաքապետարանի հնարավորությունները ներեն, մենք ֆինանսապես էլ կօգնենք»,- նշեց Ջերմուկի քաղաքապետը։ Նա հավելեց,  որ միջնորդություն են ներկայացնելու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե, որպեսզի իրենք նույնպես ֆինանսապես աջակցություն ցուցաբերեն փառատոնը ավելի հագեցած և գեղեցիկ դարձնելու համար:

Վազգեն Գալստյանն ասաց, որ առաջիկայում իրենց գաղափարը տարբեր առաջարկներով կներկայացնեն զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին (Զարմինե Զեյթունցյանն այժմ ժամանակավոր պաշտոնակատարն է-հեղ.)։ Նա հույս հայտնեց, որ իրենց համագործակցությունը արդյունավետ կլինի, որովհետև կոմիտեն էլ շահագրգռված է Հայաստանում ձմեռային տուրիզմի զարգացմամբ։

«Մենք հիմնական շեշտադրումը դրել ենք տեղական շուկայի վրա։ Փորձում ենք հայերին առավելագույնս ներգրավել փառատոնին։ Երբ փառատոնը կկայանա, այդ ժամանակ կաշխատենք նաև դրսից հյուրերին ներգրավելու հետ կապված։Նախորդ տարիներին այցելուներ ունեցել ենք Չինաստանից, Ռուսաստանից, բայց նրանք հատուկ փառատոնի համար չէր, որ եկել էին։ Կարծում եմ՝ մենք դեռ պետք է կայանանք։ Ես չեմ համարում,  որ փառատոնը ունի այնքան ներուժ, որպեսզի օտարազգի զբոսաշրջիկների կարողանանք ընդգրկել։ Աճի միտում կա, բայց, երբ զգանք, որ կա պետական համապատասխան մարմինների ամբողջական աջակցություն, կունենանք լավ արդյունք։ Երբ ռեալ գնահատում եմ մեր կազմակերպության կարողությունները, հասկանում եմ, որ մենք ուղղակի չենք կարող այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա մեր փառատոնի մասին։ Դրանով պետք է զբաղվեն և՛ տուրիզմի կոմիտեն, և՛ տուր օպերատորները»,- նկատեց Գալստյանը։

2012 թվականին փառատոնը կազմակերպվել է քաղաքային մասշտաբով։ Անգամ չեն էլ տարածել լուրը, տեսնելու համար, թե ինչպիսի զարգացումներ կարող է ունենալ։ Հաջորդ տարի կազմակերպել էին կրկին մեծ՝ մարզային մասշտաբով։ Եղեգնաձորից և Վայքից հյուրեր են ընդունել, ովքեր նույնպես քանդակներ են պատրաստել։ 2014 թվականից սկսած անց է կացվել ամբողջ Հայաստանի մակարդակով։Վազգենի խոսքով՝ Երևանից մոտ 250-300 մարդ է այցելել, որոնցից 80-ը գիշերակացով մնացել է Ջերմուկում. նրանցից 40-ը՝տներում, մյուս 40-նն էլ՝ հյուրանոցներում։

2015 թվականին Երևանից Ջերմուկ այցելած հյուրերը 700-ն են եղել։Նրանցից 189-ը մնացել են գիշերակացով հյուրանոցներում և տներում։ 2016 թվականին «Ձնեմարդուկ» փառատոնը չի կազմակերպվել և այս տարի` 2017 թվականին կիրականացվի փետրվարի 17-19-ը։Այս տարի կազմակերպիչները հույս ունեն 1000 և ավելի մասնակիցների ընդունել։

«Քանդակողները հիմնականում տեղացիներն են՝ Վայոց ձորի մարզից՝ Վայքից, Եղեգնաձորից և Ջերմուկից։ 2015 թվականից հրավիրում ենք նաև Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 3-4 կուրսերում սովորող ուսանողների։ Երեք խումբ ենք հրավիրում, ամեն խմբում երկուական մասնակից, ովքեր ներկայացնում են իրենց էսքիզները, որոնց համապատասխան պատրաստելու ենք ձնեքառակուսիներ, ինչերի վրա էլ նրանք քանդակելու են իրենց մտածած արձանները։ Նույն ձևաչափը անց ենք կացնում նաև Ջերմուկի մասնակիցների հետ»,- ասաց Վազգեն Գալստյանը։

«Ձնեմարդուկ» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2012 թվականին, երբ ստեղծվել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն։

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

նյութը վերցված է՝  goo.gl/X9oxaL