Մարտի 2-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Այանո Կունիմիցուն։
Շնորհավորելով պետնախարար Կունիմիցուին վերանշանակման առիթով՝ դեսպան Սիմոնյանն արձանագրել է, որ Հայաստանի և Ճապոնիայի երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները դրական զարգացում են ապրում, ու դինամիկայի պահպանման համար առաջնային է փոխադարձ բարձրաստիճան այցերի իրականացումը, ինչպես նաև ներուժի ճիշտ ուղղորդումը։
Պետնախարար Կունիմիցուն անդրադարձել է երկկողմ համագործակցության օրակարգն ընդգրկող հարցերի՝ կարևորելով նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։
Դեսպան Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացմանը միտված զարգացումները։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրին՝ պետնախարար Կունիմիցուն հույս է հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի, և տարածաշրջանում առկա խնդիրները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով ու մեկընդմիշտ։
նյութը վերցված է Armenia in Japan駐日アルメニア共和国大使館