Հոկտեմբերի 29-ին Տոկիոյի` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «JICA Global Square» կենտրոնում Ճապոնիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ու Ճապոնիայի զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի (JATA) աջակցությամբ կայացավ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնած՝ Հայաստան ներգնա զբոսաշրջության խրախուսմանը նվիրված միջոցառումը:
Միջոցառմանը հրավիրված էին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, զբոսաշրջային ընկերությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։
Բացման խոսքում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը
ողջունեց միջոցառման կազմակերպման նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց ճապոնական գործընկեր կազմակերպություններին, հակիրճ ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են՝ մշակութային, ձմեռային, գաստրոտուրիզմը և այլ ուղղությունները՝ հաջողություն մաղթելով միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա՝ Հայաստանում Ճապոնիայի նախկին դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր խոսքում հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջային փոխանակումների աճին։
Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներն իրենց շնորհանդեսում ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, խաղարկեցին վիճակախաղ:
Միջոցառումն ուղեկցվեց ճապոնացի Յասու Տարումիի դուդուկի կատարումներով, իսկ ավարտին կայացած հյուրասիրությանը ներկաներին մատուցվեցին հայկական գինի, կոնյակ, գաթա, չիր, ինչպես նաև ճապոնացի խոհարարի կողմից պատրաստված տոլմա։
նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館