Ճապոնաբնակ հայ պարուսույց. «հայ բալետային կրթությունը վերափոխման կարիք ունի»

Ճապոնաբնակ հայ պարուսույց. «հայ բալետային կրթությունը վերափոխման կարիք ունի»

Share

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ – ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Բալետասեր Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում գործում է հայանուն մի բալետի դպրոց ու մի պարային համույթ: «Ղարիբյան բալետի ակադեմիան» եւ «Ղարիբյան Կռունկ» համույթը հիմնել է երիտասարդ պարող-պարուսույց Ազատ Ղարիբյանը, որը ղեկավարում է նաեւ «Բալե ապլոմբ»ՙ արտերկրում բալետային կրթություն ստանալու կազմակերպությունը…

Հայ պարարվեստի երախտավորներ Ազատ Ղարիբյանի եւ Թերեզա Գրիգորյանի թոռըՙ Ազատ Ղարիբյան կրտսերը (ծնված 1981-ին, Երեւանում), մասնագիտական կրթությունն ստացել է Երեւանում եւ Պետերբուրգում: 1997 թ. Երեւանում արժանացել է «Ամադեուս» պարային մրցույթի արծաթե մեդալին` «ժողովրդական պար» անվանակարգում, 2004 թ. Կաստիլիոնեի (Իտալիա) բալետի միջազգային մրցույթումՙ ոսկե մեդալի եւ լավագույն տեխնիկայի համար սահմանված մրցանակին: 1999-2001 թթ. ծառայել է Հայաստանի պաշտպանության նախարարության Սպայի տան «Սարդարապատ» համույթում, իսկ 1999-2002 թթ. պարել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: 2002-ից սկսվել է նրա արտասահմանյան գործունեությունը, նախՙ Չեխիայում եւ Սլովենիայում, ապա վեց տարիՙ գերմանական Ֆլենսբուրգի երկրամասի թատրոնում: Այստեղ նա գլխավոր դերապարերով հանդես է եկել դասական եւ ժամանակակից երգացանկում:

Հրաժեշտ տալով բեմին եւ 2011-ին հաստատվելով Ճապոնիայումՙ Ազատ Ղարիբյանը զբաղվում է պարուսուցմամբ: 10-րդ «Բալե-Կոնե» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Ֆուկուոկայի լավագույն պարուսույցը, երեք անգամՙ «Նամուե» դասական բալետի մրցույթի լավագույն պարուսույցը…
- Ազա՛տ, դու կրում ես մեր բեմական պարի երախտավոր Ազատ Ղարիբյանի անուն-ազգանունը…
- Ես յոթ տարեկան էի, երբ նա մահացավ: Տատիկսՙ Թերեզա Գրիգորյանը, մի անգամ ինձ ասաց. «Դու արժանի չես այդ անունը կրելու» (ի դեպ, ինձ բոլորը Մաչո էին ասում): Սակայն երբ Պետերբուրգից վերադարձա Վագանովայի ակադեմիայի դիպլոմովՙ տատիկս ինձ ասաց. «Հիմա դու արժանի ես Ազատ Ղարիբյան կոչվելու»: Մասնագիտության ընտրության հարցում առաջին քայլերս պապիկի հետ եմ սկսել: Ճակատիս խաչ արեցին, որ պարող դառնամ: 3.5-4 տարեկան էի, պապիկի բեմադրած «Հարսանիք» շատ մեծ համարում պարեցի Աքլորի դերըՙ պրոֆեսիոնալ բեմ բարձրանալով «Կռունկ» խմբի հետ:
- Բալետի մեր տղաները սովորաբար գնացին կա՛մ Եվրոպա, կա՛մ Ամերիկա, իսկ դու ահա Ծագող արեւի երկրում ես…
- Պատճառն այն է, որ Գերմանիայում ապրածս տարիներին ծանոթացա ապագա կնոջսՙ բալետի պարուհի Նահո Ջոյի հետ, որը հիմա գրվում է Ղարիբյան: Ամուսնանալովՙ որոշեցինք հաստատվել Ճապոնիայում եւ այնտեղ բացել բալետի դպրոց: Ընտրեցինք Ֆուկուոկա քաղաքը, որտեղ էլ բացեցինք «Ղարիբյան բալետի ակադեմիան»: Այժմ ունենք երկու երեխաՙ Մաքսՙ վեց տարեկան եւ Մելանյաՙ երեք տարեկան:
- Եվ Ճապոնիայի պես սակավահայ երկրում ստեղծեցիր հայկական պարախումբՙ անվանելով այն 1986-ին պապիկիդ հիմնած «Կռունկ» համույթի անունով…
- Մենք ներկայացնում ենք հայ ժողովրդական եւ նոր դասական բեմադրություններ, նաեւՙ «Կռունկի» երկացանկից, օրինակՙ «Հուշերը», հատվածներ «Իլիկներ» պարային համարից: 2013-ի մարտի 11-ին մեր խումբը Ֆուկուոկայում ցուցադրել է բարեգործական ներկայացումՙ նվիրված 2011-ի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի զոհերի հիշատակին: Տասներկու պարող-պարուհիները կատարել են պապիկի բեմադրած պարային համարներըՙ հայկական երաժշտության ներքո: Համերգից ստացված հասույթը տրամադրվեց աղետի պատճառով ծնողազուրկ դարձած երեխաների հիմնադրամին:
- Ճապոնացիների սրտին խոսո՞ւմ են մեր ժողովրդական պարերը:
- Լրիվ անծանոթ էին նրանց, բայց շատ սիրեցին, պահանջում են նորից ներկայացնել:
- Ի՞նչ հաճախականությամբ եք ելույթներ ունենում: Քանի՞ աշակերտ ունեք ու քանի՞ պարող:
- Երկու տարին մեկ դպրոցի ելույթն է, դրանց մեջտեղումՙ խմբինը: Մեր պարախումբը հավաքովի է, մասնակիցների քանակըՙ ըստ ներկայացման: Ճապոնիայում մրցակցությունը շատ մեծ է, միայն մեր քաղաքում 100-ից ավելի բալետի դպրոց կա, սակայն մեզ արդեն ճանաչում են, մենք էլ շատ ակտիվ ենք, մասնակցում ենք բազմաթիվ մրցույթների եւ որոշակի հաջողությունների ենք հասել: Յոթ անգամ երկրորդ տեղ ենք գրավել ճապոնական պարի մրցույթներում: Ունենք 60 աշակերտ, տարիքային սահմանափակումներ չկան, ունեմ նաեւ առանձին «միսիս քլաս», որտեղ 11 հոգի ենՙ 40-ն անց կանայք:
- Բայց պատրաստում եք նաեւ պրոֆեսիոնալ կադրեր:
- Այսօր մեր մի աշակերտն ուսումը շարունակում է Գերմանիայում, մյուսըՙ Չեխիայում, 12 տարեկան մի աշակերտ արդեն ընդունվել է Համբուրգի բալետի դպրոց, մեկ ուրիշըՙ Նովոսիբիրսկի դպրոց: Փորձում ենք չպահել մեզ մոտ, այլ սերունդ մեծացնել, որ կարողանան համաշխարհային բեմում ելույթ ունենալ:
- Այս անգամ եկել ես մի գեղեցիկ ճապոնուհու հետ…
- Ուտակո Հանադան Ֆուկուոկայից է, մասնակցում էր Կյուշյուի միջազգային մրցույթին, որտեղ ես համակարգում եմ արտերկրում սովորելու եւ աշխատելու գործը: Նա հնարավորություն ունեցավ գալ Երեւան ու հանդես գալ մեր բալետի խմբի հետ «Սպարտակ» եւ «Գայանե» ներկայացումների կորդեբալետում: Ավելի սիմվոլիկ բնույթ կրող մասնակցություն է: Մեր բալետային կրթության համար հիանալի կլիներ, եթե հատկապես մեզ մոտ վարպետության դասեր կազմակերպեինքՙ մասնակցությամբ միջազգային հյուր դասախոսների եւ բալետ սովորող աշակերտների Հեռավոր Արեւելքից (քանի որ այնտեղ նրանք մեծ թիվ են կազմում եւ կարիք ունեն միջազգային փորձի, իսկ Եվրոպայում արդեն իսկ սովորում են լավ պայմաններում):
- Դու հետեւում ես մեր բալետին ու բալետային կրթությանը: Ի՞նչ խնդիրներ ես տեսնում:
- Առաջնահերթ շատ կարեւոր եմ համարում դպրոց-թատրոն կամուրջը, պետք է առաջին իսկ կուրսից գնալ թատրոնում մեր արտիստների հետ աշխատել, ներկայացումներում ելույթ ունենալ: Դա հիմա չկա, այդ ճանապարհը փակ է: Լավ մանկավարժների, հզոր ուսուցչական կազմի, կադրերի պակաս ունենք: Ունենք թե՛ ժողովրդական, թե՛ բնութագրական պարերի մասնագետներ, որոնք տվյալ պահին չեն աշխատում ուսումնարանում, մինչդեռ նրանց կարիքը մենք շատ ունենք: Դասավանդվող առարկաների ցանկը պիտի ընդլայնելՙ վարիացիաներ, պիլատես, յոգա, անատոմիա, այլեւս չեմ ասում մոդեռն պարի մասին (ո՛չ Երեւանում, ո՛չ Պետերբուրգում չենք սովորել մոդեռն բալետ): Ցավոք, մեր ուսումնական ծրագիրը շատ հետ է, 70-ականների համակարգով այլեւս չես կարող այսօր բալետի պարող ստեղծել: Միջազգային բալետի 12-13 տարեկան ուսանողները հիմա շատ ավելի բան գիտեն, քան մեր 16-17 տարեկանները, այդ իսկ պատճառով մերոնք 20 տարեկանում անպատրաստ են մտնում թատրոն: Մեզանում բալետը դարձել է երկրորդական: Պարային մի սերունդը մյուսից ավելի լավը պիտի լինի, մինչդեռ այսօր մեզ մոտ 90 տոկոս ժողովրդական պար է ավանդվում, 10 տոկոսՙ բալետ: Շատերն են պարի մասնագետ, սակայն բալետը կարծես վերանում է, սերնդափոխություն չկա: Պիտի օգտագործել մեր դրսի ռեսուրսները ու նաեւ աշակերտներ բերել: Մի խոսքով, հայ բալետային կրթությունը վերափոխման կարիք ունի…

նյութը վերցված է՝ http://azg.am/AM/culture/2018061504

շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!