Հայաստան, Հայք և Արմենիա անունների մասին

Share

Աշխարհագրական ամեն մի անուն ունի իր պատմությունը, առաջացումն ու իմաստը։ Մարդկանց միշտ էլ հետաքրքրել է, թե ինչպես է ծագել, ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել և մեզ հասել այս կամ այն տեղանունը։ Ուշադիր ուսումնասիրության դեպքում դրանք շատ բան կարող են պատմել տվյալ երկրի, ժողովրդի պատմությունից։

Նախ Հայսատան անվան մասին։

Հայաստան հայ ժողովրդի հայրենիքի անունն է, ուր ընթացել է նրա պատմական կյանքը։ Նրա սահմանները համընկնում են Հայկական բարձրավանդակի սահմանների հետ։ Այժմյան Սովետական Հայաստանը գրավում է այդ բարձրավանդակի հյուսիս-արևելյան մասը։

Հայաստան անվան առաջացման մասին գոյություն ունեն ավանդական և էթնիկական ստուգաբանույթյաններ։

Առաջին մեկնությունը տալիս է պատմահայր Մովսես Խորենացին։ Նա աշխարհագրական շատ անուններ համադրում կամ զուգակցում է մեր նահապետների անվան հետ։ Ի դեպ, ավանդական պատմությունից ժառանգած այս փաստը ընքնին շատ կարևոր երևույթ է, որովհետև տոհմի կամ ցեղի նախահայրը խորհրդանշում է ոչ միայն խմբային ընդհանրություն, այլև ազգային պատմության խորհրդանիշն է դառնում։ Մեր նախահայրը համարվում է Հայկ նահապետը, որի անունից էլ ծագած է համարվում մեր ժողովրդի և երկրի անունը։ Դա կապված է մեր նշանավոր ավանդավեպի հետ, ըստ որի ասորեստանցի հսկա Բելի բռնությունից հեռանում են բազմաթիվ ցեղեր, դրանց հետ էլ մեր ժողովուրդը՝ իր նահապետ Հայկը գլխավորությամբ։ Նա գալիս է մի բարձրադիր, զովասուն ու ջրառատ երկիր և այդտեղ հաստատվում։ Բելը պատգամ է ուղարկում Հայկին, հայտնում, որ նա իզուր է գնացել այդ ցուրտ լեռնաշխարհում բնակություն հաստատելու և խորհուրդ է տալիս վերադառնալ։ Հայկը խիստ պատասխանելով պատգամավորին՝ ետ է դարձնում Բաբելոն։ Բելը, Հայկի պատասխանից զայրացած, մեծ զորքով գալիս է Հայկը վրա։ Վանա լճի մոտ, հետագայում Հայոց ձոր կոչվող վայրում, հակառակորդները հանդիպում են, և Հայկը մենամարտի է դուրս գալքիս Բելի դեմ։ Հմուտ նետաձիգ Հայկը մի հարվածով ցած է գլորում Բելին և ցրիվ տալիս նրա բանակը։ Դրանից հետո Հայկը ընդմիշտ բնակություն է հաստատում այդ բարձրավանդակում։ Հայկի անունով է կոչվում ժողովուրդը, իսկ ժողովրդի անունով՝ երկիրը։ Այս ավանդությունը մեզ է հասել Մովսես Խորենացու միջոցով։ Դա հայ ժողովրդի և նրա հայրենիքի անվան ավանդական ստուգաբանությանն է։ Ավանդական հենքով հյուսված նման ստուգաբանություններ հատուկ են աշխարհի շատ ժողովուրդների, որոնք այս կամ այն նահապետի կամ դյուցազնի անվան հետ են կապում իրենց երկրի անունը։ Այս ավանդավեպը արժեքավոր է այն տեսակետից, որ նպաստել է հայ ժողովրդի համազգային գաղափարի և ազգային գիտակցության զարգացմանը։ «Հայ ազգային գիտակցաթյան հիմքը դրվել է անցյալի դեռ այն նախնական շրջանում, երբ ստեղծագործվել է Հայկի առասպելը և դյուցազուն Հայկը փառավորվել իբրև ազգային հերոս ու հայ ազգի նախահայր»։ (Հ. Մանանդյան)։

Հայաստան անվան հաջորդ մեկնաբանումը էթնիկական է և գալիս է հայասա ժողովրդի անունից։ Հիմքում ընկած է եղել «հայ» անունը։ Հայասան էլ այդ անվան ածանցումն է։ Այս ստուգաբանության պատիվը պատկանում է հայագետ Կրեչմերին և ակադեմիկոս Ղափանցյանին։ Վերջինս այդ հարցին է նվիրել «Հայասան, հայերը օրրան» աշխատությունը։ Հայասան գրավել է Բարձր Հայքը՝ Վանա լճից արևմուտք, մինչև Եկեղյաց գավառ (Երզնկա) և Փոքր Հայքի մի մասը, ինչպես նաև Արածանիի (Մուրադի) վերին հոսանքները։

Հայկական բարձրավանդակի ցեղերի մեջ, ութերորդ դարում մ.թ.ա., կարևոր դեր են խաղում հայասաները և արմենա-հայասական միությունը, որոնք վաղուց կազմում էին հայկական ցեղային մեծ միություն։

Մեր թվարկությունից առաջ, հիմնականում յոթերորդ դարի երկրորդ կեսին, ավարտվում է հայ ժողովրդի կազմավորումը, որը նշանավորվում է հայ պետականության առաջացմամբ։ Այն զարգանում է նախ Ուրարտուի տերիտորիայում, որը պատմական թատերաբեմից հեռանում է յոթերորդ դարի վերջում։ Ուրարտական ցեղերը ձուլվում են կազմավորվող հայ ժողովրդի մեջ։ Հայ ժողովուրդն է դառնում Ուրարտուի օրինանան ժառանգորդը։ Ուրարտացիներից մեզ հասել են բազմաթիվ տեղանուններ, որոնք ենթարկվել են որոշ ձևափոխման։ Դրանց թվին են պատկանում Արարատ (Ուրարտու), Վան (Բիայինա), Տուշպա (Տոսպ), Երևան (Էրեբունի), Սևան (Սուինիա) և այլն։ Մնացել են նաև շատ նահապետների և դյուցազունների անունները։ Այսպես՝ Արամ (Արամե), Մանավազ (Մենուաշ)։ Դրանք մեզ կապում են Ուրարտուի հետ։ Մեզ են հասել նաև շատ ավանդավեպեր։ Ինչպես հայտնի է, կազմավորված ժողովուրդը «հայաս» ցեղի անունով կոչվում է հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Հայաստան անունը առաջին անգամ օգտագործել է հինգերորդ դարի պատմիչ Ագաթանգեղոսը, չնայած հայ անվան վերջածանցը ոչ միշտ է եղել «ստան»։ Դրան փոխարինել է «ք» տառը, որը ավելացվելով ժողովրդի անվան, դարձել է երկրի անուն։

Այսպիսով «հայք» բառը իր մեջ ամփոփում է հայեր և Հայաստան հասկացությունները։ Ինչպես օրինակ, «պարսք» նշանակում է և պարսիկներ, և Պարսկաստան։ Դա ցույց է տալիս, որ ժողովրդի անունն է դարձել երկրի անուն, երբ ավելացել է «ք» տառը։

Ինչպես հայտնի է պատմական Հայաստանը քաղաքականապես բաժանված էր երկու մասի։ Մեծ Հայք, այսինքն՝ Մեծ Հայաստան և Փոքր Հայք, այսինքն՝ Փոքր Հայաստան։ Առաջինը համընկնում է Հայկական բարձրավանդակի հետ, որտեղ ընթացել է ու զարգացել հայ ժողովրդի ամբողջ քաղաքական ու կուլտուրական կյանքը։

Մեծ Հայքը Արշակունիների ժամանակ բաժանվում էր 15 նահանգի, կամ «աշխարհի»։ Դրանցից ամեն մեկը իր հերթին բաժանվում էր գավառների։ Այս «աշխարհները» իրականում հանդիսանում էին առանձին բնա–պատմական և տնտեսական միավորներ՝ իրենց սովորություններով, տարազով ու բարբառներով։ Դրանցից նշանավոր էին՝ Այրարատը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը, Գուգարքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Ծոփքը։ Մեծ Հայքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ Այրարատը։

Փոքր Հայքը տարածվում էր Եփրատից դեպի արևմուտք մինչև Անտիտավրոս լեռնաշղթան։ Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Փոքր Հայքը բաժանվում էր երեք վարչական մարզերի՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։

Օտարները մեր երկիրը հաճախ կոչում են Արմենիա (բացի վրացիներից և կուրմանջի բարբառով խոսող քրդերից)։ Անվան ավանդական հենքով հյուսած ստուգաբանությունը մի քանի կերպ է բացատրվում։ Նախ՝ այն ծագաւծ է համարվում հնդեվրոպական արմեններ ժողովրդից։ Երկրորդ, սանսկրիտերեն արա՝ «արի», «քաջ» և մանա՝ «մարդիկ» բառերի միացումից։ Այսինքն՝ «քաջ մարդիկ»։ Երրորդ, ըստ Մովսես Խորենացու կոչվել է Հայկազյան Արամ նահապետի անունով։ Եվ, վերջապես, Արմենակ Հայկազյան նահապետի՝անունով, որը Հայկի որդին էր, նրա անվան կրճատ ձևը եղել է Արմեն, որից և մեր ժողովրդի ու երկրի անվանումը։ Արմեն ժողովրդի մասին առաջին անգամ հիշատակվում է Պարսկաստանի թագավոր Դարեհ Վշտասպյանի (522—486) մ.թ.ա.) արձանագրության մեջ։ Ինչպես հայտնի է, նրա թագավորության ժամանակ, բացի մի շարք այլ ժողովուրդներից, նրա դեմ ապստամբել էին նաև արմենները, որոնք ցանկանում էին անկախություն ձեռք բերել։ Այս ապստամբությունը մանրամասն նկարագրված է Բեհիսթունյան (Քիրմանշահի մոտ) բարձր ժայռի վրա քանդակած Դարեհ Ա-ի բևեռագիր արձանագրության մեջ, որը գրված է երեք լեզվով՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն։ Արմենների երկիրն այս արձանագրության մեջ անվանված է «Արմենիա», իսկ ժողովուրդը՝ արմեններ։ Այստեղից էլ առաջացել են Արմենիա և արմեններ բառերը։

Այսպես, լեհերեն, ռուսերեն, լատիներեն և հունարեն` Արմենիա, թուրքերեն՝ Էրմենիստան, հունգարերեն՝ Օրմենիորշագ, լատիշերեն՝ Արմենիա, գերմաներեն՝ Արմենիեն, պարսկերեն՝ Արմենիա, արաբերեն՝ Արմին կամ Արմենիա, հին հրեերեն՝ Թահոգարամա, արամերեն՝ Հարմիննի, հին պարսկերեն՝ Արմինա։

նյութը վերցված է՝ http://armenianhouse.org/avetisyan/hayq.html